Բարև Ձեզ։
Ծնվել եմ 1994թ. հունիսի 22-ին Նոր Հաճն քաղաքում (Հայաստան)։
Համոզված եմ, որ ծնվել եմ թարգմանիչ դառնալու առաքելությամբ 🙂

     Ամեն ինչ սկսվել է դեռ մեկ տարիս չբոլորած։

Ատամհատիկիս, ասում են, գիրք եմ վերցրել։ Համարձակվում եմ ենթադրել, որ վերցրածս գիրքը բառարան է եղել, որովհետև մեր տան ամենափոքրիկ գիրքը, որ կարող էին դնել 1 տարեկան երեխայի առջև, ռուսերեն-գերմաներեն գրպանի բառարան էր։

     Խոսել  սովորելու ընթացքում անիերենի ու գրական հայերենի գիտելիքներս զարգացրել եմ զուգահեռաբար՝ չիմացողների համար հատուկ թարգմանելով. մասնավորապես, լեզուս նոր բացված ժամանակ, երբ ոտքերս ցույց տալով հարցնում էին.

— Անի՛, էս ի՞նչ ա։
— Տոտոյա՝ ոտքեր։ — Պատասխանում էր Անին։

Ձեռքերս ցույց տալով հարցնում էին.
— Անի՛, էս ի՞նչ ա:
— Թաթոյա՝ ձեքեր։

Պայուսակ ցույց տալով հարցնում էին.
— Անի՛, էս ի՞նչ ա։
— Սուկայա՝ պայուսիկ։

     Մայրս ինձ փոքրուց մանր-մունր բաները անգլերեն սովորեցրել էր։ Ես էլ լեզվական ու հատկապես թարգմանչական ձիրքս ենթագիտակցաբար միշտ ակտիվորեն օգտագործել եմ. տևական ժամանակ իմ հրաժեշտի խոսքը միանգամից 3 լեզվով էր.

— Պակա-գուդայ-դասմդանի։
(Պակա (համարում ենք հայերեն) — Goodbye — До свидания)։

     3 տարեկանում հայրս ինձ շախմատ խաղալ է սովորեցրել, ու նույնիսկ կույր շախմատի փորձերն են սկսվել նույն տարիքում։[1]

     Այնուհետև մինչև դպրոց գնալը 1.5-2 տարի ուղարկվել եմ Արցախ՝ Մարտունի՝ մորական տատիկիս ու մորաքույրներիս մոտ։ Այս ընթացքում հասցրել եմ անթերի տիրապետել նաև Արցախի բարբառին և առանց ակցենտի տիրապետում եմ մինչ օրս։

     Մինչդպրոցական ու դպրոցական առաջին տարիներին տանը և հյուր գնալիս պատի խալու կամ վարագույրի ֆոնին երկա՜ր-բարա՜կ եղանակի տեսություն էի վարում, այն էլ «իսպաներենով»։ Այդ հորինված ու բոլորին անհասկանալի լեզվի անունը թե ինչու էր «իսպաներեն», դեռ հայտնի չէ։

2000թ.-ին ընդունվել, 2010-ին ավարտել եմ Նոր Հաճնի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Գերազանցիկ եմ եղել, բայց դպրոց գնալը, ինչպես պարտադրված ցանկացած այլ բան, երբեք չեմ սիրել։
Ուսուցչուհու իսկական օրինակն արտաքին տեսքով, հագ ու կապով, շարժ ու ձևով, բառ ու բանով, գիտելիքների պաշարով, ուսուցանելու հմտությամբ ինձ համար եղել է Հայոց լեզվի և Գրականության ուսուցչուհիս՝ ամենախստապահանջ Ալիսա Ղալթախսազյանը։ Ընկեր Ղալթախսազյանի շնորհիվ Հայոց լեզու առարկայի  հանդեպ սերս անցավ բոլոր չափերն ու սահմանները։ Հիմա արդեն վստահ կարող եմ ասել, որ դա ոչ թե ուղղակի հայերենի հանդեպ սեր էր, այլ կիրք լեզվաբանության հանդեպ։ Ինձ գրավում էր ոչ թե լեզվի գեղեցկությունը այլ նրա զարմանահրաշ տեխնիկան։

Փոքր տարիքում մի 5 տարի ժողովրդական պարերի եմ գնացել, շատ եմ սիրել, բայց պարուհի դառնալ… եսիմ է՜։

Երաժշտական դպրոց եմ հաճախել ու ջութակի բաժինն ավարտել, թեև դաշնամուրի դասերն ավելի էի սիրում։ Սիրում էի երաժշտությունը, բայց հասկանում էի, որ արվեստից հեռու մարդ եմ։

Մինչև դպրոցն ավարտելս պրոֆեսիոնալ շախմատով եմ զբաղվել։ Բայց շախմատն ինձ համար երբեք նպատակ չի եղել։ Սիրում էի շախմատի գրված ու չգրված օրենքները, մարզչիս՝ (սիրելին էն խոսքը չի) Պողոսյան Տիգրանի շախմատային պատգամները, որոնք նույնությամբ տեղափոխում էի կյանք։ Բայց միշտ էլ գիտեի՝ շախմատիստ չեմ դառնալու։

     Սիրում էի լեզուն, բայց կային բաներ, որ այդ տարիներին ավելի էի կարևորում. «Ազգը պիտի փրկեի», «հայրենիքը պիտի հզորացնեի», «Արարատը պիտի հետ բերեի»։

Հիշում եմ, երբ ավարտական դասարանում ձեռքս առա «Դիմորդ»-ը ու սկսեցի հերթով աչքի անցկացնել համալսարաններն ու ֆակուլտետները։ Երևանի Պետական համալսարան – Արևելագիտություն – Թուրքագիտություն։ Թուրքագիտությու՞ն։ Սիրտս սկսեց անսովոր արագ բաբախել։ Հասկացա, որ գտել եմ իրեն։ Այո՜, 15-ամյա աղջիկը  գտել էր վերջապես այն իդեալական մասնագիտությունը, որը համալիր արտահայտիչն էր նրա ընդունակությունների, նախասիրությունների ու քաղաքական նպատակների։

     2010թ։ Օրհնվի էն սհաթը, երբ ընդունվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը։ 2014-ին բակալավրիատը, 2016-ին նույն բաժնի մագիստրատուրան ավարտել եմ Կարմիր դիպլոմով։ (Քանի առիթ ունեմ, դիպլոմի գույնը նշեմ)։

Տարիների ընթացքում գիտելիքների հարստացմանը զուգահեռ քաղաքական-գաղափարական հայացքներս հասցրին մի քանի անգամ փոխվել։ Ինչպես գրել եմ մի առիթով`«փշրվեցին մտածողության նախկին կաղապարները՝ վերափոխելով կյանքի ուղեծիրը»

Ուսանողական վերջին տարիներից սկսել եմ թարգմանություններս՝ որպես ֆրիլանս թարգմանիչ։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լավ էր ստացվում։ Բանավոր թարգմանության պրոցեսն աներևակայելի ադրենալին էր ապահովում. պետք է որոշում կայացնես հենց հիմա, հենց այս պահին և սխալվելու իրավունք չունես։ Իսկ գրավոր թարգմանությունը պահանջում է համբերություն, անդուլ ուսումնասիրություն, ճշգրիտ տեխնիկա և լեզվագեղագիտական սուր հոտառություն։ Սիրեցի գործս։ Ամեն մի թարգմանության գործ ստանալիս սիրտս բաբախում էր ճիշտ այն օրվա պես, երբ «Դիմորդում» կարդացի «Թուրքագիտություն» բաժինը։ Իսկ ամեն մի թարգմանության ավարտին ստացածս գերագույն բավարարվածությունը ոչ մի ուրիշ գործից դեռ չեմ ստացել։

Ես թարգմանում եմ։ Ես կապ եմ ապահովում այնտեղ, որտեղ այն չկա։
Ի՞նչ է դա, եթե ոչ առաքելություն։

     Նախկինում շրջել էի պատմական Հայաստանի տարածքներում, բայց երազում էի մի որևէ ծրագրով գնալ Թուրքիա՝ Պոլիս, 1-2 տարի ապրել այնտեղ, հարստացնել լեզվական գիտելիքներս ու երկրի ներսում ապրելով՝ գտնել բազմաթիվ հարցերիս պատասխանները։

Եվ Աստված տեսավ, որ բարի է ցանկությունս, ծրագիր չէ, ինձ երկքաղաքացի ամուսին ուղարկեց և ասաց. «Գնա՛ ու մնա՛ որտեղ կամենաս ու որքան կամենաս»։ 2016-ի ամառվանից վայելում եմ ուզածս չափ ապրելու հնարավորությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ Թուրքիայում։

Իսկ առայժմ առաքելությունս անշեղորեն շարունակելու մղումով՝ պատրաստակամ եմ ստանձնելու համապատասխան դերակատարություն տեղական և միջազգային ամենատարբեր նախագծերում։

Շարունակելի․․․