Բարև բոլորին։

Ի սկզբանե նախատեսում էի այս գրառումն սկսել լեզվի իմաստի և կարևորության վերաբերյալ ընդունված ձևակերպումներով։ Սակայն երբ խոսքը հայերենի և թուրքերենի մասին է, հասարակ ձևակերպումները թերի են մնում։ Գալիս է մի պահ, երբ նկատում ես, որ լեզուն արդեն պարզապես լեզու չէ։ Միևնույն պահին այն կարող է և՛ զենք, և՛ սպիտակ դրոշակ լինել։ Եվ յուրաքանչյուրիս նպատակն է, որ սահմանում է, թե ինչի համար և ինչպես օգտագործենք այն։ Մինչդեռ լեզուն կարևոր կանգառ է հենց նպատակի ձևակերպման գործում, քանի որ ինքնաճանաչողության հետ մեկտեղ հարկ է ճիշտ ճանաչել նաև հակառակ կողմին։

Անկախ նրանից՝ ուզում ենք մենք, թե ոչ, սահմաններն օրեցօր կորցնում են իրենց իմաստը։ Ու թեև Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը փակ է, ազգերի մտածողության դռները կողպված պահելն այլևս այդքան էլ հեշտ չէ։

Ես այս կայքի միջոցով, ինչպես թարգմանությամբ, այնպես էլ կողմերից մեկի լեզուն մյուսին հասանելի դարձնելով, հույս ունեմ նպաստելու հաղորդակցման հնարավորությունների և ծավալների մեծացմանը կողմերի միջև։  

Մնացյալը որոշելիքն է Ձե՛ր՝ ըստ Ձեր որդեգրած առաքելության և ընտրած ուղու։