Եթե նախկինում թուրքախոսների՝ ինքնուրույն հայերեն սովորելու համար բավարար չէր միայն դասագրքի առկայությունը՝ թեկուզ միայն այն պատճառով, որ դասագիրքը ի զորու չէ լուծելու այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսին արտասանությունն է, ապա այժմ, հայերեն տառերի արտասանության հարցը լուծող այս տեսադասի շնորհիվ մեր բոլոր թուրքախոս ներկա և ապագա բարեկամները կարող են սկսել սովորել հայերեն առանց ժամանակ կորցնելու՝ ձեռք բերելով ստորև ներկայացված դասագրքերից որևէ մեկը։
1. Հայերենի ուսումնական ձեռնարկ, Րաֆֆի Քորթոշյան, Երևան 2007
(“Ermenice Öğrenim Kitabı”, Raffi Kortoşyan, Yerevan 2007)
Գիրքը կազմվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի և հիմնադրամի անդամ Րաֆֆի Քորթոշյանի կողմից՝ ժամանակի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բարձր հովանավորությամբ և «Որոտան ՀԷԿ»-ի տնօրինության մեկենասությամբ։ Գիրքը բաղկացած է երեք հիմնական բաժնից։ Առաջին մասում ներկայացված է հայերենի լեզվաբանությունը, երկրորդում՝ թուրքերեն-հայերեն զրուցարան, իսկ թուրքերեն-հայերեն բառարանը կազմում է գրքի երրորդ բաժինը։ Առկա է գրքի էլեկտրոնային տարբերակը։ Գիրքն առցանց ընթերցելու կամ ներբեռնելու համար կարող եք սեղմել այստեղ։
2. «Սովորում եմ հայերեն», Բիրսեն Քարաջա, Անկարա 2007
(“Ermenice Öğreniyorum”, Birsen Karaca, Ankara 2007)
Գրքի հեղինակն է Անկարայի համալսարանի Կովկասյան լեզուների և մշակույթների բաժնի, ինչպես նաև Հայոց լեզվի և մշակույթի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Բիրսեն Քարաջան։ Ընդհանուր առմամբ 18 դասից բաղկացած 3 գլուխներից առաջինում տեղ են գտել առօրյայում հաճախ օգտագործվող կայուն լեզվական արտահայտություններ և վարժություններ, մյուս երկու գլուխներում՝ երկխոսություն վարելու համար անհրաժեշտ քերականական կանոններ և բառապաշար։
3. «Հայերեն դասեր», Գաֆար Չախմաքլը Մեհդիև, Կայսերի/Կեսարիա 2013
(“Ermenice Dersler”, Gaffar Çakmaklı Mehdiyev, Kayseri 2013)
Դասագիրքը պատրաստվել է Կայսերիի Էրջիյես (Արջիաս) համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի գիտաշխատող (հյուր գիտաշխատող Բաքվի պետական համալսարանից) Գաֆար Չախմաքլը Մեհդիևի կողմից։ Գիրքը բաղկացած է 16 դասերից։ Գրքի վերջին բաժնում տեղ են գտել նաև հայ գրականության որոշ փոքրիկ օրինակներ։