Վերջերս թուրքական TRT1 հեռուստաընկերությամբ սկսել է եթեր հեռարձակվել սուլթան Աբդուլհամիդ 2-րդի կյանքի և կառավարման տարիների մասին պատմող հեռուստասերիալ (“Payitaht. Abdülhamid”)։ Հեռուստասերիալում Աբդուլհամիդի՝ մեծ գիտելիքների և սուր մտքի տեր, հայրենանվեր, ազնվագույն, ամենաարդար, ամենագութ կերպարի կողքին և նրա դեմ գործում են հրեա սիոնիստները, եվրոպական տերությունները՝ Անգլիայի գլխավորությամբ և, իհարկե, հայերը։
Մեզ՝ հայերիս համար ուշագրավ է հատկապես 7-րդ սերիայում ներկայացված մի երկխոսություն, որը տեղի է ունենում Հայ Հեղափոխական Դաշնակցության ականավոր առաջնորդներից Արմեն Կարոյի (Գարեգին Փաստրմաճյան) և հրեա հասարակական-քաղաքական գործիչ, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության հիմնադիր Թեոդոր Հերցլի միջև։ Երկխոսությունը մի կողմից նպատակ ունի ցույց տալու դաշնակցականների և սիոնիստների, ասել է թե՝ հայերի և հրեաների համագործակցությունը, մյուս կողմից փորձում է ակնարկել, թե հայերն իրականում գործիք էին սիոնիստների ձեռքին։
Աբդուլհամիդի դեմ Հերցլի լարած բազմաթիվ ծուղակների տապալումից և մասնավորապես Իսրայելի ստեղծման համար հավաքված փողերը բորսայում տանուլ տալուց հետո որոշվում է խաղի մեջ ներգրավել նաև հայերին, որոնք պայքարում էին հանուն իրենց արդար դատի։
Ստորև դիտեք Արմեն Կարոյի և Թ. Հերցլի երկխոսությունը՝ հայերեն թարգմանությամբ։