Թուրքերեն սովորել ցանկացողների մոտ առաջացող հիմնական հարցերից մեկը ի՞նչ գրքով սովորել-ն է։ Եթե փնտրում եք գրականություն հայերենով, ապա «Թուրքերենի դասագիրքն» այլընտրանք չունի (հեղինակներ՝ Ալեքսանդր Սաֆարյան, Աշոտ Սողոմոնյան, Տիրան Լոքմագյոզյան)։ Այն մինչ օրս ունեցել է 5 հրատարակություն։ Դասագիրքը, չնայած առկա թերություններին, ապահովում է բավարար հիմք՝ հետագայում լեզվական գիտելիքներն ինքնուրույն զարգացնելու համար։
Դասագիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնից, ինչպես նաև պատվիրել գրադարաններից։ Համացանցում շրջանառվում է նաև դասագրքի ոչ ամբողջական լուսապատճենը։ Չնայած ցածր որակին և տեղ-տեղ էջերի հաջորդականության խախտումներին՝ այն կարող է օգտակար լինել ժամանակավոր օգտագործման տեսանկյունից՝ մինչև բուն դասագրքի ձեռքբերումը։ Հիշյալ լուսապատճենը հասանելի է այստեղ։