1929թ. օգոստոսին դեպի Բուրսա կատարած ուղևորության ճանապարհին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ուշադրությունը գրավում է Յալովայի[1] նավամատույցից ոչ հեռու գտնվող մի հսկա սոսի։ Ծառի գեղեցկությունից տպավորված՝ Աթաթուրքը կանգնեցնել է տալիս նավը և մակույկով ցամաք դուրս գալիս։ Սոսու ստվերում որոշ ժամանակ հանգիստ առնելուց հետո Աթաթուրքը հրամայում է մեծ սոսու հարևանությամբ առանձնատուն կառուցել։ Անմիջապես սկսված շինարարությունն ավարտվում է 22 օր անց՝ սեպտեմբերի 12-ին։
Մեկ տարի անց՝ 1930թ. ամռանը առանձնատուն կատարած հերթական այցի ընթացքում տան աշխատողներից Աթաթուրքն իմանում է, որ սոսու՝ դեպի առանձնատուն երկարած ճյուղը, հարվածելով տանիքին, շարունակ վնաս է հասցնում տանիքին և պատին։ Աշխատողները թույլտվություն էին հայցում Աթաթուրքից սոսու այդ ճյուղը կտրելու համար։ Մինչդեռ Աթաթուրքը ծառի ճյուղը կտրելու փոխարեն հրամայում է ո՛չ ավել, ո՛չ պակաս առանձնատունը մի քանի մետր հեռացնել սոսուց։ Պատկան մարմիններն անմիջապես գործի են անցնում։ Տան շուրջբոլորը մինչև հիմքը փորելուց հետո Ստամբուլից բերված տրամվայի ռելսերը մեծ ջանքերով տեղադրվում են շենքի հիմքի տակ։ Այնուհետև սկսվում է նախ տեռասի, ապա բուն շենքի տեղաշարժը։ Արդյունքում առանձնատունը փոխադրվում է 5 մետր դեպի արևելք։ Այսպիսով, շենքը փրկվում է քանդվելուց, իսկ ծառի ճյուղը՝ կտրվելուց։ Այդ օրվանից տունը պատմության մեջ մտավ «քայլող առանձնատուն» (“Yürüyen Köşk”) անունով։
Այս դեպքը երկա՜ր տարիներ քարոզվում, բարձրաձայնվում և լավագույնս օգտագործվում է ինչպես տեղացիների՝ բնության հանդեպ պատշաճ վերաբերմունքի ձևավորման, այնպես էլ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու հարցում՝ որպես շրջակա միջավայրի պահպանման անզուգական օրինակ։
Անտեղի է անգամ հարցնել. «Եթե Աթաթուրքի տրամադրության տակ չլինեին ողջ երկրի նյութական և մարդկային ռեսուրսները, մի՞թե Աթաթուրքը կլիներ նույնքան «բնություն սիրող»։
Եվ մի՞թե նույն ճակատագրի հեգնանքով չէ, որ տարիներ անց առաջացած խոցի (քաղցկեղի) հետևանքով ծառի կյանքը փրկելու համար կտրվում է այն ճյուղը, հանուն որի ժամանակին մի ամբողջ առանձնատուն իր տեղն էր փոխել։
Առանձնատունը՝ որպես թանգարան, բաց է բոլոր այցելուների համար։
[1] Այժմ Թուրքիայի ամենափոքր նահանգն է։ Մինչև 1995թ․-ը Ստամբուլի վարչական շրջանի մաս է կազմել։ Գտնվում է Մարմարա ծովի հարավարևելյան ափին։